ԳԱՂՏՆԻՔԸ ԳՈՒՑԵ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
Առաջին անգամ Մեղրի այցելողի համար քաղաքի կտրուկ թեքությամբ նեղլիկ փողոցների ու հատկապես Փոքր թաղի ճարտարապետական ինքնատիպ լուծումներով տների համայնապատկերը երկար կպահպանվի նրա հիշողության մեջ: Բայց ամենատարօրինակն այն թեթևությունն է, որը զգում է այդ նեղլիկ ու թեք փողոցների բարձունքը հաղթահարելիս, երբ շրջվում է ու զարմանում, որ քիչ առաջ ներքևում էր, իսկ հիմա այդ «ներքև»-ն արդեն ափի մեջ է: Այս զգացողությունը նկատելի է հատկապես Փոքր թաղում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու բարձունքից: Ի՞նչ իմանաս, գաղտնիքը գուցե բնության մեջ է կամ թե օդի մաքրության, որը ոտքերին ուժ է տալիս, այն էլ շահագործվող հանքերով գերեվարված Մեղրիում: Զբոսաշրջային երթուղիներից դուրս մնացած երկրի հարավային դարպասում այնքան բան կա տեսնելու և զարմանալու, այդ թվում` չինարի հսկայական ծառը, որի փչակում երկար տարիներ քաղաքի կոշկակարի տնակն էր։
Մեղրիում մինչ այսօր պահպանվում են Սյունիքի ինքնապաշտպանության ժամանակ կառուցված բերդերը, քաղաքի տեսարժան վայրերից են նաև Մեծ ու Փոքր թաղերի եկեղեցիները, որոնց պատերին Հովնաթանյան նկարիչների զարդանախշերի հետքերն են։ Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կարելի է տեսնել Հայաստան բերված առաջին դաշնամուրը։ Մեղրեցիները պատմում են, որ դաշնամուրը 1895-96 թթ. է բերվել, երբ քաղաքի բնակիչ Մկրտիչ Վաչյանն ամուսնացել է ագուլիսցի օրիորդ Եղիսաբեթի հետ: Եղիսաբեթի օժիտ դաշնամուրը հարազատները Բեռլին քաղաքից բերել են տվել Թիֆլիս, այնուհետև՝ Ջուլֆա, հետո՝ Ագուլիս՝ Եղիսաբեթի ծնողների մոտ: Մեղրեցի Վաչյանները 25 հոգով և բազմաթիվ ջորիներով գնում են Ագուլիս, դաշնամուրը տեղափոխում Մեղրի:
Մեղրիում մարդիկ բարի են ու ժպտերես: Երբ փողոցներով քայլելիս զրուցակցիդ հետ կիսվում ես քաղաքի գեղեցկությամբ, տների դարպասների մոտ դրված նստարաններին երեկոյան խոսքուզրույցի բռնված կանայք անպայման կմիջամտեն. «Մեր քաղաքի նման մենք էլ լավն ենք: Բայց որ մայրաքաղաքից եկել ու մեր հալը հարցնում եք, ուրեմն դուք էլ եք լավը»: Մնում է ժպտալ ու բարին ցանկանալ նրանց: Մեղրեցիները յուրահատուկ սիրով ու հպարտությամբ են խոսում իրենց քաղաքի մասին, անգամ նրանք, ովքեր ապրում են աղքատության մեջ, հպարտ, հյուրասեր ու լավ զրուցակից են:
ԿՅԱՆՔԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ
Նախ համառոտ պատմական ակնարկ Մեղրու մասին: Գողթան աշխարհի նախկին «Արևիք» գավառը հիշատակվում է դեռևս նախնադարից։ Պատմական քառուղիներում Մեղրին ժամանակ առ ժամանակ հայտնվել է թուրք-սելջուկների, մոնղոլ-թաթարների ասպատակությունների տակ, բայց միշտ մնացել է անսասան։ 1828 թ. Մեղրին ընդգրկված է եղել Ղարաբաղի պրովինցիայի մեջ, իսկ 1868-ին կազմել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի մի մասը։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1930 թվականի սեպտեմբերի 9-ին կազմավորվել է Մեղրու շրջանը` Մեղրի կենտրոնով։
Մեղրին Սյունիքի մարզի հարավային սահմանապահ քաղաքներից է: Այն տարածված է Մեղրի գետի աջ և ձախ ափերին, որոնք կոչվում են Մեծ և Փոքր թաղեր։ Քաղաքը պետական սահմանով և Արաքս գետով բաժանվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Արաքս գետով հայ-իրանական միջպետական սահմանը ձգվում է 35 կմ:
Հայաստանի մյուս բնակավայրերի նման Մեղրին էլ խնդիրներ ունի, թեև բնակիչները գոհ են իրենց կյանքից, աշխատատեղ կա, արտագաղթողները քիչ են, գնացածները վերադառնում են: Բնակիչները տեղեկացրին, որ քաղաքում տրանսպորտ չկա. «Էս թեք ու նեղ փողոցներով մարշրուտկեն ո՞նց կանցնի, համարյա բնակիչների մեծ մասը սեփական մեքենա ունի, որտեղ պետք է, գնում են, աշխատանքը կա, փողը կա»,- ասում է մեղրեցի 65-ամյա մի տղամարդ:
Համայնքի բնակչությունը հիմնականում աշխատում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում (1010 մարդ), ռուսական սահմանապահ զորքերում, հայկական բանակում, մի մասն էլ զբաղվում է այգեգործությամբ:
Սակայն իրենց սոցիալական կյանքը գնահատելիս մեղրեցիները նշում են, որ իրենց քաղաքում ապրանքները շատ ավելի թանկ են, քան մայրաքաղաքում, թեև «սահմանից մի թիզ էն կողմ մարդիկ գնում, վաճառքի համար տնտեսական ապրանք են բերում, բայց Մեղրիում թանկ են ծախում, շատերը տանում են կողքի գյուղերը, մինչև անգամ Երևան»:
Փոքր թաղի բնակչուհի Վարդուհի Կիրակոսյանի խոսքով` Մեղրու միրգը միշտ արժեք է ունեցել: «Շատ էլ չենք չարչարվում, ինչպես, օրինակ, Արարատյան դաշտավայրի բնակիչները: Բնությունն ու եղանակն այդ հարցում խնայել են մեզ»,- ասում է Վարդուհին ու հավելում, որ իրենք նաև այգի ունեն: Արքայանարինջ են աճեցնում, զբաղվում չրագործությամբ, թեև նրա խոսքով` չրագործությունն իրենց ապրուստի միջոցը չէ, ուղղակի այգին ունեն, պիտի մշակեն, հո չե՞ն թողնելու:
ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ԱՆՑՆՈՂ ԳԱԶԱՏԱ՞ՐՆ ԱՍԵՄ, ԹԵ՞ ԲՐԻԿԵՏԻ ՀՈՒՅՍԻՆ ՄՆԱՑՈՂ ԴՊՐՈՑՆ ՈՒ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ
2016 թվականին իրականացված համայնքների խոշորացումից հետո Մեղրին դարձավ բազմաբնակավայր խոշորացված համայնք, որի մեջ մտնում են երկու քաղաքային (Մեղրի, Ագարակ) և 13 գյուղական բնակավայրեր: Հաշվառված բնակչությունն ըստ բնակավայրերի այսպիսին է. Մեղրի՝ 4601, Ագարակ՝ 4729, Կարճևան՝ 270, Շվանիձոր՝ 339, Վահրավար՝ 35, Գուդեմնիս՝ 36, Լիճք՝ 147, Տաշտուն՝ 116, Լեհվազ՝ 627, Ալվանք՝ 289, Վարդանիձոր՝ 152, Նռնաձոր՝ 151, Թխկուտ՝ 67, Կուրիս՝ 53, Այգեձոր՝ 2։
2016 թվականից Մեղրի համայնքի ղեկավար ընտրվեց Մխիթար Զաքարյանը, որը մինչ այդ 8 տարի շարունակ զբաղեցրել էր Ագարակի քաղաքապետի պաշտոնը:
«Իրատեսի» հետ զրույցում խոսք գնաց ջեռուցման մասին, քանի որ ձմեռն արդեն թակել է Սյունիքի մարզի դուռը: Գազի մասին դեռ կխոսենք, իսկ մինչ այդ համայնքապետը համաձայն չէ, որ տնտեսություններին ու կրթական օջախներին բաժանվող բրիկետները ջեռուցման հարցը չեն լուծում։ Նրա խոսքով՝ Մեղրու մի շարք դպրոցներ ու մանկապարտեզներ անցյալ տարի բրիկետով են ջեռուցվել, եթե գազամուղը շարունակի մնալ փակ, թերևս այս ձմեռ էլ մնան բրիկետի հույսին: Տարածաշրջանի զարգացման տեսանկյունից այստեղ չափազանց կարևորում են Մեղրու ազատ տնտեսական գոտու գործարկումը, որի հեռանկարը, գոնե մոտ ապագայում, ոչ մի կերպ չի երևում։
Մեղրու զարգացման այլ հնարավորությունների մասին տեղացի Արսեն Մարգարյանի հետ ենք զրուցում։ Մասնագիտությամբ գյուղատնտես, բնապահպանական հարցերում խիստ ակտիվ երիտասարդի համոզմամբ, եթե այգեգործությամբ զբաղվողների աշխատանքը գնահատվի ըստ արժանվույն, ապա մարդիկ այլևս չեն աշխատի հանքարդյունաբերությունում, կզբաղվեն այգեգործությամբ: «Հարյուր տարի առաջ Հայաստանում արդյունաբերություն չի եղել, բայց երկիրն ապրել է գյուղատնտեսությամբ, թեև աղքատության մեջ է եղել: Գյուղատնտեսությունը տարբեր ճյուղեր ունի, և գյուղացին մտածում է, որ կարող է զարգանալ հողագործությամբ, բայց կան նաև անասնապահություն, տեքստիլ, կա շերամապահություն, որը Հայաստանում ժամանակին շատ զարգացած է եղել, մինչդեռ այսօր այն գրեթե վերացել է: Բայց այսօր գյուղացին ինքնուրույն չի կարող զբաղվել շերամապահությամբ, դրա համար հարկավոր է կառավարության միջամտությունը: Պետության աջակցությունը միշտ եղել է սահմանափակ, բերել ու ասօր էլ վարկ են տալիս գյուղացուն, փոխանակ շերամ տան կամ սովորեցնեն շերամապահություն, մինչդեռ բերում վարկ են տալիս ու ասում էսքան տոկոս պետք է բերես տաս, ախր չի կարելի այդպես: Ես ավարտել եմ ագրարային արտադրության էկոնոմիկայի կառավարում բաժինը, բայց էսօր ես այդ մասնագիտությամբ չեմ աշխատում, հենց հիմա սարերից եմ վերադառնում, հրդեհներ են եղել, ընկերներիս հետ գնացել էի հանգցնելու»,-պատմում է Արսենը:
ԵՐԲ ԱՆՈՒՆԸ ԿԱ, ԱՄԱՆՈՒՄ ՉԿԱ
Մխիթար Զաքարյանի խոսքով` համայնքի առաջնային խնդիրներից է գազիֆիկացումը: Չնայած Մեղրի ու Ագարակ քաղաքներում տեսանելի են նոր անցկացված գազատար խողովակները, սակայն բնակիչները դեռևս բալոնով գազ են գնում: Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավարն ասաց, որ Մեղրու և Ագարակի համար կառուցված է գազաբաշխման ցանցը, ինչում իր ներդրումն է ունեցել ԻԻՀ կառավարությունը:
Հարկ է նշել, որ դեռևս 2011 թվականի դեկտեմբերին Իրանի և Հայաստանի կառավարությունների միջև ստորագրվեց հուշագիր, որով Իրանի կառավարությունը համաձայնեց որպես դրամաշնորհ 2 մլն դոլար տրամադրելու Հայաստանում Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազաբաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար:
Իր հերթին Հայաստանի կառավարությունը ստանձնեց տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Ծրագրի շրջանակներում Մեղրիում անցկացվեցին շուրջ 26,5 կմ, իսկ Ագարակում՝ 4,8 կմ երկարությամբ տարբեր ճնշման գազատարներ։
Մեղրու գազամատակարարումն ապահովելու նպատակով կառուցվել են շուրջ 1 կմ երկարությամբ բարձր ճնշման գազատար և գազաբաշխիչ կայան, որը նախատեսված է նաև քաղաքի հարակից բնակավայրերի գազամատակարարման համար։ Արդյունքում՝ ամբողջությամբ գազիֆիկացվել են Մեղրին և Ագարակի շուրջ 50 տոկոսը։ Դրամաշնորհը ստանալուց 5 տարի անց՝ 2016 թվականի դեկտեմբերի 21-ին, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտարարեց, որ ավարտվել են Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազաբաշխման ցանցի կառուցման աշխատանքները։ Քաղաքներում վառվեց խորհրդանշական կրակը, և տրվեց գազամատակարարման մեկնարկը, սակայն մինչ օրս էլ Մեղրու և Ագարակի բնակիչները զրկված են կապույտ վառելիքից:
Բայց վերջերս ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից մեկում քննարկվեց համայնքի գազամատակարարման հարցը: Այժմ գործնական քայլեր են իրականացվում այդ ուղղությամբ: ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի խոսքով` Մեղրին գազ կունենա մինչև նոր տարի:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ